Հայաստանն այսօր կանգնած է թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին բնույթի աննախադեպ մարտահրավերների առջեւ. պատճառն իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունն է։ Հուլիսի 9-ին տեղի ունեցած «Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանակարը Հայաստանում» համաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Որպես երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին խնդիրների լուծման ուղի պատգամավորը նշեց սոցիալապես արդար հասարակության ստեղծման անհրաժեշտությունը։ «Պետք է դեն նետել այն կեղծ դիտարկումները, որ Հայաստանը կարող է զարգանալ միայն ծայրահեղ լիբերալիզմի պայմաններում։ ՀՅԴ-ն վստահ է, որ հանուն ուժեղ Հայաստանի՝ հնարավոր է արդար հասարակություն ձեւավորել։ Այդ է պատճառը, որ պետք է «ոչ» ասել ծայրահեղ լիբերալիզմին, որի կրողներն են այսօրվա իշխանությունները»,- ամփոփեց ՀՅԴ պատգամավորը։
«Սոցինտերնի» փոխնախագահ Մարիա Թիթիզյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանում տիրող ծայրահեղ աղքատությունը, արտագաղթը եւ ընտրակեղծիքները հասել են վտանգավոր չափերի։ «Պետք է կառուցել երկիր, որում մարդիկ կցանկանան ապրել, այլ ոչ թե հեռանալ։ Սոցիալիստական ուժերի նպատակը կայանում է օրենքի առաջ բոլորի հավասարության,խոսքի ազատության, տնտեսական հավասար հնարավորությունների ստեղծման եւ այս ամենի միջոցով ճիշտ պետություն ստեղծելու մեջ»,- նկատեց նա։




























