Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, որը վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսության ուղղությամբ հետագա քայերին, կարձագանքի ավելի ուշ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Մեր ունեցած տեղղեկություններով, օրվա ընթացքում հավանաբար Կոնգրեսը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որտեղ կնեկայացվի Կոնգրեսի պատասխանը իշխանության հետ երկխոսություն սկսելուն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, հարցին, թե որո՞նք են լինելու արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության ուղղությամբ հետագա քայլերը, պատասխանել է. «Եթե հիշում եք, իր` հունիսի 17-ի անդրադարձում Հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին` նշելով. «Երկխոսություն՝ այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ»։
Ողջունելով նման արձագանքը` Կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, եւ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում»:




























