Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ նախկին խորհրդային երկրները Աբխազիան եւ Հարավային Օսիան չեն ճանաչում սեփական տարածքային  ամբողջականության անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին նա հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։

«Ոչ այն պատճառով, որ այդ երկրները շատ են սիրում Վրաստանը, այլ որովհետեւ Ռուսաստանը չի ճանաչում այդ երկրների սահմանները, ինչ թղթեր էլ ստորագրած լինի: Մենք հիանալի կերպով հասկանում ենք, որ Ռուսաստանն ավելի շատ հավակնություններ կարող է ունենալ Հյուսիսային Ղազախստանի կամ այլ երկրների, քան մեր տարածքների նկատմամբ»,- հայտարարել է Սահակաշվիլին։

Նրա խոսքով, ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալը երկրի համար օգտակար է եղել։ «Որովհետեւ մարդիկ հասկացել են, որ կարելի է անկախ ապրել եւ դա ինչ-որ ելք է, ասես փախուստ ինչ-որ տարածությունից։ Պոկել են մեր մարմնի մի մասը, մեր տարածքները։ Սակայն մենք կարող ենք վերականգնել այդ վերքերը եւ անկասկած կվերականգնենք մեր օրգանիզմի տարածքային միասնականությունը»,- ասել է Սահակաշվիլին։