Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալներ չկան: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, թե իշխանությունների հետ երկխոսության օրակարգի միակ հարցը լինելու է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը:
Բիշարյանը նշել է, թե վերջին շրջանում ՀԱԿ-ը մեղմացրել է իր հռետորաբանությունը եւ արդեն հանդես չի գալիս արտահերթ ընտրությունների թեմայով: «Թերեւս ՀԱԿ-ում գիտակցում են, որ հերթական ընտրություններին քիչ է մնացել, եւ արդեն ժամանակն է պատրաստվել դրանց»,- նկատել է պատգամավորը:
Խոսելով խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ի մասնակցության ձեւաչափի մասին` Բիշարյանը հիշեցրել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի խոսքը, որ չէր բացառել որեւէ դաշինքին մաս կազմելու հնարավորությունը, եթե նման որոշում կայացվի:




























