Երեւանի 60 բանուկ խաչմերուկներում եւ կանգառներում արդեն ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է համաժամանակյա ռեժիմով շարունակել մոնիտորինգի աշխատանքները եւ իրականացնել մշտական վերահսկողություն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Անվտանգ քաղաք» հայեցակարգի շրջանակում քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագիր իրականացնել` մեկ ընդհանուր բազայում համատեղելով ոստիկանության եւ այլ կառույցների տրամադրության տակ գտնվող տեսախցիկները:

Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվում նաեւ Երեւանի մետրոպոլիտենում:

Հանձնարարվել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում եւ լուրջ ուշադրություն դարձնել մետրոյի սպասարկման որակին:

Անդրադառնալով ապօրինի, ժամկետանց եւ չգործող կրպակների ապամոնտաժման գործընթացին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել աշխատանքը, միաժամանակ շեշտելով, որ նոր կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու:

Զեկուցվել է, որ հուլիսի 1-ի դրությամբ մայրաքաղաքում արդեն ապամոնտաժվել է 893 ապօրինի, չգործող կրպակ: