Անցած 6 ամիսների կտրվածքով Երեւան քաղաքի բյուջեի կատարողականը սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի մասով կազմել է 93 տոկոս:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի հանձնարարությամբ ընթացքի մեջ են գույքային հարկերի բազայի ճշտումները, որոնց հիման վրա եւս ակնկալվում է ֆինանսական ցուցանիշների բարելավում:
Որոշակի տեղաշարժ է արձանագրվել աղբահանության եւ սանմաքրման ոլորտում հավաքագրումների մասով` պայմանավորված զգալի թվով տնտեսվարողների եւ անհատ քաղաքացիների պայմանագրային դաշտ բերելու հետ:
Անդրադառնալով մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել բակերի մաքրումը բնակիչների կողմից ապօրինի հողազավթած, «բոստանային» տարածքներից ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:
Նշված տարածքներում կտեղադրվեն ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված մարզագույք ու մանկական ժամանակակից խաղեր:
Զեկուցվել է, որ ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի, այժմ լայն թափով բարեկարգվում են քաղաք մտնող գլխավոր մայրուղիները: Երեւան-Աշտարակ, Երեւան-Զովունի խճուղիների միջնաշերտն ու Արգավանդի խաչմերուկից դեպի մայրաքաղաք տանող Իսակովի պողոտայի հարակից տարածքները բարեկարգվելուց հետո, ամբողջությամբ կկանաչապատվեն ու կծաղկապատվեն: Ծրագրի համաձայն նշված տարածքները ապահովված կլինեն նաեւ ոռոգման նոր ցանցով:
Անդրադառնալով համատիրությունների գործունեությանն ու խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած նրան, որ համատիրությունները բնակիչների կողմից կամավոր ստեղծված կառույցներ են, այսօր շատ բազմաբնակարանների սեփականատերեր տեղեկացված չեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտել է, որ ողջ գործընթացը, սկսած գումարների հավաքագրումից մինչեւ ծախսերի արդյունավետ տնօրինում, պետք է վերահսկեն իրենք` շենքերի բնակիչները եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել արդյունավետ աշխատել համատիրությունների ղեկավարների հետ:




























