Հայաստանում լայն թափով ընթանում են երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման համար հետազոտական աշխատանքները: Այդ մասին այսօր` հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:
Հայաստանում հեռանկարային են համարվում 3 տեղանքներ` Ջերմաղբյուրի (Սյունիքի մարզ), Քարքարի (Սյունիքի մարզ) եւ Գրիձորի (Գեղարքունիքի մարզ): Համեմատաբար նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում: Ըստ Թ. Բաբայանի` Հայաստանի երկրաջերմային պոտենցիալը ներկայումս գնահատվում է մոտ 30 մեգավատտ:
Ճիշտ է` դա մեծ հզորություն չէ, սակայն երկրաջերմային էներգետիկան մի շարք առավելություններ ունի վերականգնվող էներգետիկայի մյուս տեսակների նկատմամբ: Մասնավորապես` երկրի ջերմային էներգիան անընդհատ է, ի տարբերություն քամու կամ արեւի:
Երկրաջերմային էներգիան օգտագործելու համար անհրաժեշտ է հորատել առնվազն 1-3 կմ, մինչեւ տաք ապարներին հասնելը: Ներկայումս հետազոտական աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի «Գեոֆոնդ» ծրագրի շրջանակներում, տրամադրված գումարը կազմում է 1.5 մլն դոլար: Սակայն էլեկտրակայանների շինարարությունը պետք է իրականացվի մասնավոր ներդրումների հաշվին: Թ. Բաբայանի տեղեկացմամբ, օտարերկրյա մի շարք ընկերություններ հետաքրքրված են սույն ծրագրով;




























