Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով սեփական ժողովրդական ճակատն ուներ, հիմա էլ մի ամբողջ բանակ ունի: Ճիշտ է, այդ բանակում միայն աղջիկներ են «ծառայում», ովքեր պատրաստ են հանուն Պուտինի պատռել ամեն բան, այդ թվում իրենց ողջ հագուստը:
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում այդ «բանակը» պաշտոնական էջ ունի, որում հենց այդպես էլ գրված է. «Պուտինի բանակը. Երիտասարդ աղջիկների միավորում, ովքեր «կպատռեն» ամեն ինչ` հանուն Պուտինի»:
Նրանք ցանկանում են ցույց տալ, որ ՌԴ վարչապետի շատերն են աջակցում, այդ թվում գեղեցիկ, երիտասարդ ու խելացի աղջիկները: «Մենք միակամ ենք, որ Պուտինն արժանի եւ ազնիվ քաղաքական գործիչ է, նաեւ շքեղ տղամարդ»,- հայտարարում է «Պուտինի բանակը»:
Ներկայումս աղջիկները զբաղված են նոր անդամների հավաքագրմամբ: «Պուտինի բանակում» ընդգրկվելու համար երիտասարդ աղջիկները հուլիսի 22-ին պետք է այցելեն Պուշկինի հրապարակ եւ այնտեղ պատռեն իրենց հագուստը: «Այստեղ միայն աղջիկներ են` առանց բարդույթների: Մեր ակցիաները կցնցեն ողջ Ռուսաստանը: Յուրաքանչյուր աղջիկ կդառնա ինտերնետ-աստղ: Դու պատրա՞ստ ես ցուցադրել բոլորին, թե դու որքան «թույն» աղջիկ ես եւ որքան հրաշալի է քո նախագահը: Համալրիր Պուտինի բանակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, այն աղջիկը, ով հանուն Պուտինի բոլորից լավ կպատռի հագուստը, iPad2 կստանա: Ներկայումս այդ խմբում կա 755 աղջիկ:




























