Ավստրալիայի իշխանությունները 35 միլիոն դոլար կհատկացնեն կոալաների պաշտպանությանը եւ բնակավայրերի վերականգնմանը, շաբաթ օրը, հունվարի 29-ին, հաղորդել է «Իզվեստիան»՝ հղում անելով CNN-ին։
«Կոալաները Ավստրալիայի ամենասիրված եւ ճանաչելի խորհրդանիշներից են ինչպես այստեղ՝ տանը, այնպես էլ ամբողջ աշխարհում, եւ մենք ձգտում ենք պաշտպանել նրանց ապագա սերունդների համար: Գումարը կուղղվի կոալաների բնակության վայրերը վերականգնելուն, կոալաների պոպուլյացիաների մասին մեր պատկերացումները բարելավելուն, նրանց հանդեպ վերաբերմունքը եւ նրանց խնամքի վերաբերյալ կրթությանն աջակցելուն եւ կոալաների առողջության վրա ազդեցությունների վերաբերյալ հետազոտությունները բարելավելուն»,- ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի գրասենյակի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ներդրումները կկատարվեն առաջիկա չորս տարիների ընթացքում։
Ըստ հեռուստաալիքի՝ 2018 թվականից ավստրալական կոալաների մոտ 30%-ը մահացել է անտառային հրդեհների, երաշտի եւ այլ գործոնների պատճառով։ Բացի այդ, կոալայի պոպուլյացիային սպառնում է այդ կենդանիների շրջանում խլամիդիայի տարածումը։ Այս վեներական հիվանդությունը կարող է կենդանու կուրություն եւ վերարտադրողական համակարգի կիստաներ առաջացնել, ինչը կարող է հանգեցնել անպտղության կամ նույնիսկ մահվան: Ինչպես նշում է CNN-ը, այժմ գիտնականները պատվաստանյութեր են փորձարկում խլամիդիայի դեմ՝ կենդանիներին պաշտպանելու համար։
Ամենասարսափելի անտառային հրդեհները Ավստրալիայում բռնկվել են 2019 թվականի աշնանը։ Դրա հետեւանքով ավելի քան մեկ միլիարդ կենդանի է մահացել։ Փրկարարները երկար ժամանակ չեն կարողացնել դադարեցնել կրակը, մինչեւ հորդառատ անձրեւներ են եկել տարածաշրջան եւ մարել հրդեհները ավելի քան 8 միլիոն հեկտար անտառում եւ մոտ 2000 բնակելի շենքում։




























