Կատարը, որը բնական գազի աշխարհի խոշորագույն արտահանողներից է, չի կարողանա միակողմանիորեն լրացնել Եվրոպայի էներգետիկ կարիքները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով դեֆիցիտի դեպքում, ասել է էներգետիկայի նախարար Սաադ Շերիդ Ալ-Քաաբին, փոխանցում է Reuters-ը։
«ԵՄ-ին անհրաժեշտ գազի քանակը չի կարող որեւէ մեկը միակողմանիորեն լրացնել՝ առանց խաթարելու մատակարարումները աշխարհի այլ տարածաշրջաններ»,- ասվում է նախարար Սաադ Շերիդ Ալ-Քաաբիի հայտարարության մեջ: «Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը պահանջում է բազմաթիվ կողմերի հավաքական ջանքեր»։
Քաաբին Դոհայում ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ։
Նա հույս է հայտնել, որ «Եվրոպայում լարվածությունը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով, որպեսզի բոլոր մատակարարները կարողանան միասին աշխատել՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ անվտանգություն ապահովելու համար»։
Կատարը ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ ԵՄ-ի առաջատար առեւտրային ու քաղաքական գործընկերը:
Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, եւ վերջին շաբաթներին դիմել է Կատարին ու գազի այլ խոշոր արտադրողների՝ խնդրելով ուսումնասիրել՝ կարող են արդյոք նրանք լրացուցիչ գազ մատակարարել Եվրոպա, եթե ռուսական մատակարարումները խափանվեն:
Մոսկվան բազմիցս հերքել է Ուկրաինայի վրա պատրաստվող «հարձակման» մասին Արեւմուտքի պնդումները:




























