Իսրայելը չի կարծում, թե մոտ ապագայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ դաժան առճակատում կլինի։ Այս մասին Axios-ին ասել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը։

Վերջին շաբաթների ընթացքում Բայդենի վարչակազմը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումը ցանկացած պահի կարող է հանգեցնել ներխուժման:

Իսրայելը սերտ հարաբերությունների յուրահատուկ իրավիճակում է գտնվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Նա անցած հոկտեմբերին առաջարկել էր Ռուսաստան-Ուկրաինա գագաթաժողով անցկացնել Երուսաղեմում։

Երկուշաբթի օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Լապիդին եւ խնդրել, որ Իսրայելը դեէսկալացիայի անհրաժեշտության մասին հաղորդագրություն փոխանցի Ռուսաստանին, պորտալին հայտնել են իսրայելցի պաշտոնյաները: Վերջին շաբաթների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Բլինքենը խնդրում էր Իսրայելին նման հաղորդագրություն փոխանցել։

Իսրայելի պաշտոնատար անձինք ասում են, որ իրենք խոսել են ռուսների հետ դեէսկալացիայի անհրաժեշտության մասին, եւ Լապիդը ծրագրում է մոտ օրերս այդ մասին խոսել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

«Այս պահի դրությամբ Իսրայելի գնահատականն այն է, որ մենք շուտով դաժան առճակատում չենք տեսնի։ Ես նաեւ չեմ կարծում, որ այնտեղ շուտով համաշխարհային պատերազմ է սկսվելու»,- ասել է Լապիդը։

Նա ընդգծել է, որ Իսրայելը գտնվում է բարդ իրավիճակում, քանի որ մեծությամբ երկրորդ հրեական համայնքը Ռուսաստանում է, իսկ հինգերորդը՝ Ուկրաինայում։ «Մենք պարտավոր ենք զգուշությամբ գործել ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելը մտահոգված է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը ուշադրությունը կշեղի Իրանի հետ Վիեննայի միջուկային բանակցություններից։ «Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն դարձներ այս խնդրին, որպեսզի կանխվեին վտանգավոր զարգացումները»,- հավելել է նա։

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն այս շաբաթ հայտարարել է, թե Վիեննայի միջուկային բանակցություններում համաձայնության ուղի է տեսնում, սակայն Իրանը պետք է «հիմա կոշտ քաղաքական որոշումներ կայացնի»: