Թուրքական հետախուզական գործողության շրջանակներում ձերբակալվել է զենք վաճառողը, որը սկսել է բացահայտել Թուրքիայում զենքի թրաֆիքինգի գաղտնի ցանցերը։ Իրազեկողը պնդել է, որ «ատկատները» հասել են Թուրքիայի իշխանության ամենաբարձր օղակներին, գրում է DW-ն։
Նուրի Բոզքըրը մի մարդ է, որը շատերի կարծիքով, վտանգ է ներկայացնում Թուրքիայի նախագահի համար։ Նշվում է, որ թուրքական հետախուզական գործակալությունների կողմից առեւանգվածը այն քչերից է, ովքեր կարող են բացահայտել թուրքական կառավարության համակարգված իրավախախտումները, քանի որ նա ռազմական գործողությունների գոտիներ զենքի գաղտնի առաքումների անբաժանելի մասն է եղել:
Թուրքիայի ազգային հետախուզության MIT վարչությունը Ուկրաինայում ձերբակալել է զենք վաճառողի, որը բացահայտումներ է արել, անցած շաբաթ կառավարամետ լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր հետախուզությունը պարզել է, որ այդ մարդը թաքնվում էր Ուկրաինայում, եւ մենք [Ուկրաինայի նախագահ] Զելենսկու հետ խոսեցինք այն մասին, որ նրան բռնել են»,- ասել է Էրդողանը։ «Մեր հետախուզական ծառայությունը եւ նրա գործընկերների հետ սերտ համագործակցությունը հնարավոր դարձրեցին այս ձերբակալությունը»։
2020 թվականի վերջին ուկրաինական «Երկիր» լրատվական կայքին տված հարցազրույցում Բոզքըրը բացահայտել էր Սիրիայում եւ Լիբիայում գործող գրոհայիններին թուրքական զենքի գաղտնի առաքման զգայուն կողմերը՝ նշելով, որ MIT-ի օպերները գործարքներից իրենց բաժինն են ստանում:
Թուրքական բանակի հատուկ նշանակության ջոկատի նախկին կապիտան Բոզքըրն ասել է, որ օրինական կերպով զենք է գնում Արեւելյան Եվրոպայի երկրներից եւ ուղարկում Թուրքիա, որտեղ թուրքական հետախուզությունն այն ուղարկում է մարտադաշտեր ողջ տարածաշրջանում:
Սիրիայում գրոհայինների խմբավորումներին փոխանցված 50 առաքումներից վերջինը 2015թ․ Ուկրաինա փախչելուց առաջ, իբր, իրականացվել է առանց MIT-ի կազմակերպչական մասնակցության: Բեռը առգրավել է թուրքական ոստիկանությունը, ինչի հետեւանքով MIT-ի աշխատակիցների կողմից նրան երկրից հանելու հապճեպ գործողություն է իրականացվել:
Ուկրաինայում Բոզքըրը հետագայում քաղաքական ապաստան է խնդրել՝ վախենալով, որ թուրքական իշխանությունները, ի վերջո, երես կթեքեն իրենից՝ չնայած պետության կողմից արտոնված բազմաթիվ գործողություններին իր մասնակցությանը:
Ապաստան ստանալու նրա խնդրանքից հետո Թուրքիան Ինտերպոլի կարմիր ծանուցում է հրապարակել՝ կոչ անելով ձերբակալել նրան՝ կապված 2002թ․ թուրք ակադեմիկոս Նեջիպ Հաբլեմիտօղլուի սպանության հետ, որը երկու տասնամյակ չբացահայտված էր մնացել։ Նրա ուկրաինացի փաստաբանի խոսքով՝ Բոզքըրը կտրականապես հերքում է իր հանցակցությունը։
Զենքի նախկին վաճառողը դեռեւս պայքարում էր արտահանձնման պահանջի դեմ, երբ նրան առեւանգել են, եւ ուկրաինացի դատավորները դեռ վերջնական վճիռ չեն կայացրել: Թուրքիայի եւ Ուկրաինայի իշխանությունները չեն պատասխանել Ուկրաինայում թուրքական արտադատարանային գործողության վերաբերյալ մեկնաբանությունների DW-ի բազմաթիվ խնդրանքներին։
Նուրի Բոզքըրը առաջին մարդը չէ, ով Թուրքիայում զենքի առեւտրի գաղտնի ցանցերի վերաբերյալ մանրամասներ բացահայտելու համար թիրախ է դարձել։
2015 թվականին թուրք լրագրող Ջան Դյունդարը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե ինչպես է Թուրքիան զինում Սիրիայի գրոհային խմբավորումներին։ Ավելի ուշ նրան մեղադրեցին պետական գաղտնիքներ հրապարակելու մեջ եւ դատապարտեցին 27 տարվա ազատազրկման։ Նա հրաշքով փրկվեց մահափորձից եւ այժմ վտարանդի է Բեռլինում:
Մեկնաբանելով Բոզքըրի ձերբակալությունը՝ Դյունդարը DW-ին ասել է, որ թուրքական կառավարությունը օգտագործում է մարտավարություն, ինչպիսիք են անսովոր արտահանձնումները եւ չափազանցված քրեական մեղադրանքները, որպեսզի լռեցնի քննադատներին։ «Դա Թուրքիայի կառավարության ստանդարտ պրակտիկա է՝ ստիպել լռել նրանց, ովքեր ուզում են բացահայտել պետության կեղտոտ արարքները։ Իշխանությունները գիտեն, որ Բոզքըրն իրենց կոռումպացված համակարգի սեւ արկղերից մեկն է»,- ասել է Դյունդարը։





























