Ստեղծված բարդ իրավիճակում Ուկրաինային զենքի մատակարարումը սադրանք է, եւ Անկարայում դա չեն կարող չհասկանալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության պաշտպանության Դաշնային խորհրդի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ուկրաինայում ընդլայնելու համաձայնագիր են ստորագրել։
«Այս իրավիճակում զենքով Ուկրաինայի հագեցումը ինքնին սադրանք է, հրահրման տարր։ Անկարայում չեն կարող դա չհասկանալ, բայց ամեն դեպքում անում են, ինչը ցավալի է»,- ասել է խորհրդարանականը։ Սենատորն ընդգծել է, որ Թուրքիայի դրդապատճառները պարզ են։ Անկարան մի կողմից փորձում է լուծել իր ֆինանսական հարցերը, հիշեցնել իր մասին, առաջ մղել իր զենքը։ Բացի այդ, Թուրքիան կցանկանար դառնալ «այս մեծ խաղի մասնակիցը», հավելել է նա։
Միաժամանակ օրենսդիրն ընդգծել է, որ Ուկրաինային մատակարարվող զենքի յուրաքանչյուր գրամի հետ մեծանում է հարավ-արեւելքում հակամարտության ինքնաբուխ բռնկման վտանգը։ Ցավոք, կա վտանգ, որ Կիեւի «բազեները» կարող են հրաման տալ օգտագործել այս իրավիճակը»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա բացատրել է, թե վտանգ կա, որ հարավ-արեւելքում ռազմական գործողությունները կարող են սկսվել «կամ ինքնաբուխ, կամ սադրիչների մասնակցությամբ»: Ընդ որում՝ կարող է օգտագործվել սպառազինության այն զգալի ծավալը, որը երկրի հարավ-արեւելք է մատակարարվում Կիեւի արտասահմանյան գործընկերների կողմից։





























