Օգոստոսի 21-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դիմակավորված 5 անձինք, զինված մտել են Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն եւ զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե նույն օրը, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի:
Ն. Ազիզյանին, նրա կնոջը եւ դստերը տրվել են դատաբժշկական ուղեգրեր, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Նապոլեոն Ազիզյանը Ազգային Ժողովի նախկին պատգամավոր է:




























