Սերբիան առաջիկա 10 օրվա ընթացքում կփորձի փոխզիջման հասնել Կոսովոյի հետ՝ սերբական փաստաթղթերով վարորդների մուտքն արգելելու հարցի շուրջ, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նրա խոսքով, եթե հանրապետությունում սերբերի նկատմամբ «ոտնձգությունները» չդադարեն, Կոսովոյի սերբերի ներկայացուցիչները դուրս կգան Կոսովոյի բոլոր կառույցներից, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Մենք ջանասիրաբար փոխզիջման կփնտրենք առաջիկա 10 օրվա ընթացքում, եւ հուսով եմ, որ մեզ կհաջողվի»,- ասել է Վուչիչը՝ Կոսովոյի սերբերի հետ հանդիպումից հետո երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում։

«Կոսովոյի սերբերն ինձ տեղեկացրել են նաեւ, որ եթե սերբերի նկատմամբ հալածանքները չդադարեն, նրանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում կլքեն Պրիշտինայի բոլոր հաստատությունները։ Սկզբում դա կանեն քաղաքական գործիչները, իսկ մինչեւ սեպտեմբերի վերջ նաեւ ոստիկանները, դատավորները եւ դատախազները»,- ասել է Վուչիչը։

Օգոստոսի 18-ին Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի առաջնորդ Ալբին Կուրտին վերջին տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Բրյուսելում։ Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոսովոյում ապրող սերբերին արգելել են կիրառել Սերբիայից ձեռք բերված մեքենաների համարանիշերը, ինչպես նաեւ փաստաթղթերում հատուկ վկայական մտցնելու որոշում է ընդունվել։ Դրա պատճառով հուլիսի վերջին Սերբիա-Կոսովոյի սահմանին պայթյուններ ու կրակոցներ են հնչել, իսկ Կոսովոյի սերբերը բարիկադներ են կանգնեցրել: