Նախագահ Ջո Բայդենի պնդումն այն մասին, որ Ուկրաինա հարձակողական զենք ուղարկելը կհանգեցնի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության կազմաքանդմանը, որքան զարմանալի, այնքան էլ կեղծավոր է, գրում է The Telegraph-ը։
«Միացյալ Նահանգների նախագահը ճիշտ էր, երբ ասաց, որ եվրոպացի առաջնորդները վախենում են Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել իրենց բակում։ Հենց այս վախն է ամրապնդել ՆԱՏՕ-ի այն քաղաքականությունը, որ Կիեւ է ուղարկվում միայն պաշտպանական զենք:
Բայդենը ճիշտ է նաեւ այն հարցում, որ ԵՄ անդամների եւ ՆԱՏՕ-ի ներսում՝ ռուսական սպառնալիքներին արձագանքելու վերաբերյալ տարաձայնություններ կան: Սակայն պնդումները, որ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն կարող են փլուզվել դրանց պատճառով, մոլորեցնող ծխածածկույթ է, որը ծածկում է ԱՄՆ դժկամությունը:
Սխալ է նաեւ Բայդենի այն ենթադրությունը, որ եվրոպական բոլոր երկրները միավորված են Վոլոդիմիր Զելենսկուն Պուտինի դեմ հարձակողական զենք տրամադրելու դեմ։
Լեհաստանը եւ Ռուսաստանին հարեւան Բալթյան երկրներն արդեն հարձակողական զենք ուղարկելու կոչ են արել։ ԱՄՆ-ն Ուկրաինայի ամենամեծ հովանավորն է, սակայն փոքր ՀՆԱ ունեցող Էստոնիան, շատ ավելին է նվիրաբերել, քան ցանկացած այլ պետություն, ներառյալ ԱՄՆ-ն:
Մեծ Բրիտանիան, որը սովորաբար համընթաց է ԱՄՆ-ի հետ, ասում է, որ արեւմտյան զենքի օգտագործմամբ ռուսական հողի վրա հարձակումներն արդարացված են:
Եվրոպական այլ երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան, նախընտրել են շարունակել պաշտպանական զենքերի մատակարարումը, որոնք ունեն: Եվրոպայում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուկրաինական հաջողությունը վկայում է, որ միայն պաշտպանական զենք ուղարկելու միջեւ հավասարակշռությունը ճիշտ է եղել, եւ ճիշտ է եղել Բեռլինի եւ Փարիզի դանդաղությունը։
Սակայն Բեռլինը նշանակալի ներդրում է ունեցել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ոլորտում`նախքան Բայդենը Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել է Patriot համակարգեր ուղարկելու մասին։
Սակայն ամեն բան չէ, որ հստակ է. արդյո՞ք Նիդերլանդների կողմից վերջերս Ուկրաինա ուղարկված տանկերը իսկապես զուտ պաշտպանական են: Ամերիկյան Patriot-ները նույնպես ունակ են հարվածներ հասցնել մինչեւ ռուսական տարածքի խորքերը։
Բացառություններ կան ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամների շարքում, ինչպիսին Հունգարիան է, որոնք ցանկանում են, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի եւ չափազանց մոտ են Ռուսաստանին:
Սակայն ԵՄ-ն որպես ամբողջություն միլիարդավոր դոլարների օգնություն եւ զենք է ուղարկել, ինչպես նաեւ Ուկրաինային առաջարկել անդամակցել դաշինքին:
Խոսելով խաղաղության մասին՝ ոչ շատ վաղուց ամերիկյան թերթերը մեջբերումներ էին հրապարակում, որով, թվում էր, նպատակ ունեն ճնշում գործադրել Զելենսկու վրա՝ Ռուսաստանի հետ խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու համար։
Սպիտակ տունը պնդում է, որ նա նման նպատակ չի ունեցել, սակայն հանրապետականները նաեւ զգուշացրել են Զելենսկուն, որ նա չի կարող հույս դնել դատարկ չեկի վրա։
Ուկրաինայի հանդեպ Միացյալ Նահանգների շարունակական հավատարմության վերաբերյալ նույնքան հարցեր կան, որքան Եվրոպայի պարագայում է: ԱՄՆ-ն առաջիններից էր, որ զենք է ուղարկել Ուկրաինա եւ դա արել է նախքան ներխուժումը, երբ որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան, իրական սպառնալիք չէին տեսնում:
Վաշինգտոնի ձեռքերը կապված չեն ՆԱՏՕ-ի, առավել եւս ԵՄ-ի հետ: Գերտերությունը ղեկավարում է ռազմական դաշինքը եւ պահպանում է պաշտպանական ռազմավարություն՝ հիմնված միայն զենքի վրա:
Բայդենը, հավանաբար, պատրաստ չէր ընդունել դա, երբ Զելենսկին, ով ողջունվում էր որպես նոր Չերչիլ, նստեց նրա կողքին Սպիտակ տանը: Սակայն իրական պատճառը, որ Վաշինգտոնը հարձակողական զենք չի ուղարկի Ուկրաինա այն է, որ չի ցանկանում»:





























