ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցից հետո G-7-ի իր գործընկերների հետ քննարկել է Կիեւի խաղաղության առաջարկը, հայտնում է CNN-ը։

Բլինքենը Զելենսկու խաղաղության առաջարկներն անվանել է «լավ սկիզբ»։

Բլինքենը չի հստակեցրել, թե որքան ժամանակ կպահանջվի ԱՄՆ-ից եւ Ուկրաինայից՝ ծրագիրը համատեղ գնահատելու համար: Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ կողմերը պայմանավորվել են քննարկել ծրագիրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Զելենսկու հանդիպման ժամանակ։

Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան համաձայնության են եկել համատեղ խաղաղության շարունակական ջանքերի շուրջ:

«Ուկրաինայի հետ մեր բոլոր խոսակցություններից, ներառյալ նախագահ Բայդենի եւ Նախագահ Զելենսկու երեկվա խոսակցությունները, պարզ է, որ մենք կիսում ենք նույն նպատակները՝ ազատ եւ անկախ, բարգավաճ, ժողովրդավարական Ուկրաինայի վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները պահպանվում են, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության մասով, եւ սա այն է, ինչ երեկ հաստատել է նախագահը»,- ասել է Բլինքենը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ ներկայումս կենտրոնացած է իր արեւելյան եւ հարավային շրջանները վերադարձնելու վրա։

Նա նաեւ կրկնել է, որ Ռուսաստանը «իմաստալից շահագրգռվածություն» չի ցուցաբերում պատերազմի ավարտին ուղղված դիվանագիտության նկատմամբ: