Գալուստ Սահակյանի կյանքն ու գործունեությունը կարելի է երեք փուլերի բաժանել, և այդ երեք փուլերում էլ դրսևորվում էին նրա մարդկային լավագույն հատկանիշները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
«Նա նաեւ Խորհրդային Հայաստանի տարիներին մեծ վաստակ է ունեցել։ Ուսուցիչ է եղել, դպրոց է ղեկավարել, ինչն արդեն շատ բան է նշանակում։ Անկախության տարիներին ինքը միանգամից անդամագրվեց Անկախության շարժմանը, մեծ աշխատանք է տարել կամավորական խմբերի կազմակերպման, աջակցության գործում, հետո, իհարկե, Հանրապետական կուսակցության շարքերում։ Այս խայտառակ իշխանափոխությունից հետո ևս նա մեծ աշխատանք է կատարել, որպեսզի այն պատուհասը, որը եկավ Հայաստանին 2018 թվականից հետո, հնարավորինս արագ ավարտվի։ Այդ երեք փուլերում էլ Գալուստ Սահակյանն իրեն դրսևորել է որպես իսկական հայ մարդ»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, Գալուստ Սահակյանը շատ բարի էր էությամբ, և այդ բարությունը բոլորի նկատմամբ էր. «Եվ շատ իմաստուն էր։ Այդ իմաստնությունը, համոզված եմ՝ կուտակել էր իմ ասած երեք փուլերի ընթացքում։ Կարծում եմ՝ այսօրվա քաղաքական դաշտում չկա մեկը, որը կարողանա այդ երկու հատկություններով՝ իմաստնություն ու բարություն, համեմատվի Գալուստ Սահակյանի հետ: Ենթադրում եմ, որ մարդիկ, ովքեր այսօր աշխատում են հատկապես քաղաքական դաշտում, գուցե իմաստնություն կունենան և լավն ու անանցը կընդօրինակեն պարոն Սահակյանից»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:





























