Նախաձեռնվել է ստորագրահավաք՝ թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու պահանջով։

Ստորագրահավաքին կարելի է միանալ հղումով՝

Կենդանիների իրավունքների պաշտպանների վրդովմունքի պատճառ են դարձել հանրային հեռուստատեսության ժամանցային հաղորդումներից մեկի եթերում կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Հարություն Առաքելյանի վերջերս արած հայտարարությունները։ Ի թիվս այլ բաների՝ պաշտոնակատարը հայտարարել է շների քնեցման դեպքերի մասին։ Կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ պարտադիր քնեցման են ենթակա այն շները, որոնց մոտ լեյշմանիոզ եւ ժանտախտ է հայտնաբերվել։ Միեւնույն ժամանակ պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչպես են փոխանցվում այդ վտանգավոր հիվանդությունները։ Անզգույշ հայտարարության արդյունքը եղել է անմեղ շների զանգվածային գնդակահարությունը՝ տեղի իշխանությունների եւ ոստիկանության լիակատար թողտվության պայմաններում։ Մարզերից սարսափելի տեղեկություններ են ստացվում կերակրող մայրերի սպանության մասին։

Մինչդեռ լեյշմանիոզը, որի դեմ այդքան եռանդով որոշել է պայքարել կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարը, շնից շանը կամ մարդուն չի փոխանցվում։ Այս հիվանդության փոխանցողը մլակներն են, իսկ մլակների համար պարարտ միջավայրը՝ աղբը։ Ի դեպ, NEWS.am-ը երկար տարիներ գրել է վատ աղբահանության մասին՝ մեկ բակի օրինակով https://news.am/rus/news/712767.html։ Սայլը տեղից չի շարժվել։ Ինչ վերաբերում է շների ժանտախտին, ապա այն սկզբունքորեն չի փոխանցվում մարդուն եւ վտանգ չի ներկայացնում ո՛չ մարդու, ո՛չ այլ կենդանիների համար։ Այս հիվանդությունը վտանգավոր է միայն չպատվաստված շների համար։