Քանի որ այս ամենը քաղաքական բեմադրություն է, քաղաքական հրահանգ, ես չեմ հետաքրքրվել, թե ինչու են մտնում խուզարկության, արդեն մոտավորապես ենթադրում եմ՝ ինչի համար կարող էին գային խուզարկեին: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ոստիկանությունից դուրս գալուց հետո նշեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

«Երեկ վճռաբեկ դատարանը մերժել է գլխվոր դատախազի տեղակալի բողոքը ինձ նորից կալանքի տակ առնելու հետ կապված: Երեւի չեն հասել իրենց նպատակին, փորձում են այլ միջոցներ գտնել նորից ինձ կալանքի տանելու: Երբ տեսնում են, որ շատ թույլ են միջոցները անազատության մեջ պահելու, փորձում են արդեն թիրախավորել, շոուներ կազմակերպել, առավոտյան ներխուժել մարդկանց տներ, ընտանիքի անդամներին, հարազատներին, երեխաներին անհանգստացնել: Այս ամենը շոու է»,-ասաց նա:

Վարդանյանը հավելեց, որ ավելի ուշ տեղեկացել է, որ ոչ միայն իր տուն են եկել խուզարկության , այլ նաեւ իր հարազատների տներ են մտել, ՀՅԴ անդամների տներ են մտել խուզարկել. «Շատերին  բերման են ենթարկել, մի քանիսին արդեն ձերբակալել են: տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Շինծու, հորինած քրեական գործ է, նույնիսկ այդ գործի շրջանակներում այդ ժամանակաշրջանում ես եղել եմ բանտում, կալանավորված, իմ տեսակցությունները փակ են եղել: Առնվազն  բսուրդ է ինձ այդ գործին կապելը: Իրենք փորձում են ինձ, իմ ընկերներին, հարազատներին անընդհատ լարվածության մեջ պահել, շանտաժի ենթարկել՝ փորձելով իրենց նպատակներինհասնել, բայց ես ասել եմ ու ասում եմ՝ մեր պայքարը սրանից կանգ չի առնելու: Մենք երեկ բանտում էինք, այսօր ազատության մեջ ենք, վաղը հնարավոր է լինենք բանտում, գնալու ենք մինչեւ վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ հեռացնելու ենք նրան ամեն գնով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին բերման են ենթարկել։