ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՅԴ եւ ՀՀԿ գործիչների նկատմամբ վերջին շրջանում իրականացվող գործընթացները կապում է իշխանությունների վախով։

«Իշխանության ճնշումները ՀՅԴ–ի, ՀՀԿ երիտասարդ անդամների, պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ, ընկալում եմ որպես վերջին խռխռոց, բայց ինչքան ուզում են թող խռխռան։ Արմատական բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նմանօրինակ ծիծաղելի ճնշումներից չեն վախենալու, այդ գործողությունները մեզ ավելի ուժեղ են դարձնում»,– լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը մեկնաբանելով «վերջին խռխռոց» ձեւակերպումն՝ ասաց, թե իշխանությունը զգում է մոտալուտ վտանգը, այդ պատճառով էլ անտրամաբանական գործողություններ է անում։

«Կարծում եմ՝ Փաշինյանն ու իր խմբակը շատ ավելի լավ են զգում իրենց հեռացման հոտը։ Նրանք վախվորած են դրանից։ Այնպես որ մեր քաղաքացիների հաղթանակի լավագույն ցուցիչը իշխանության վախվորածությունն է»,– ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ մի քանի գործիչների նկատմամբ։ Խուզարկություններից հետո նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 3 անձ։

Այսօր էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ՝ հատուկ տարհանման մեքենաները տարել են իր տրանսպորտային միջոցը։