ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արթուր Խաչատրյանին։

«Պետք չէ նյարդայնանալ կամ սրտնեղել իմ ասածներից, ես շատ պարզ բան եմ ասում։ Դուք շարունակաբար, գրեթե մեխանիկորեն, գրեթե բոլոր նախագծերին քվեարկում եք ձեռնպահ, ընդ որում` առանց հիմնավորելու ձեր քվեարկության պատճառը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները` այդ թվում ձեզ ընտրած, բայց ոչ միայն ձեզ ընտրած, որոնցից մեկն եմ ես, իրավունք ունեն իմանալու՝ ի վերջո ձեր դիրքորոշումները որոնք են։ Այլ բան, որ գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում և ընդհանրապես, բայց դա այլ հարց է»,- ասաց Ռուբինյանը։

Վերջինիս արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով․

«Պարո՛ն Ռուբինյան, չգիտեմ ինչից եք նեղվել, գուցե ինչ-որ զարգացումներ են եղել, շատ եք նեղվել, բայց մի դիրքորոշում հստակ կա՝ Կառավարության կողմից ԱԺ բերվում են հազար ու մի տեսակ ոչ էական, ամեն շաբաթ փոփոխվող օրենքների նախագծեր, որոնք էական որևէ բան չեն փոխում մեր երկրում։ Դիրքորոշման առումով մի բան հստակ գիտենք՝ այս կառավարությունը անելիք չունի մեր երկրում, այս մի բանը հստակ գիտենք։ Հստակ ցուցանել ենք, որ այս կամ այն նախագիծը վտանգավոր է, այս կառուցվածքային փոփոխությունը վտանգավոր է, հետո ժամանակը գալու է մեր դիրքորոշումներին հակառակ ձեր կողմ քվեարկելու համար մի օր հետո զղջալու եք»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ արձագանքեց Ռուբեն Ռուբինյանին, որը հայտարարել էր, թե «ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից»։

«Մենք դիրքորոշում ենք հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք, ոնց որ թե, չեք համարձակվում ասել ոչ մեկդ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Երբ որ դրա դիրքորոշումը կասեք, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը կլսեք: Երկրորդը, ես շատ ներողություն եմ խնդրում Արցախի այն քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով ու բլոկադայի պայմաններում ստիպված են նայել էս «նապաստակ նկարոցին»։

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, դուք ձեր սեփական կուսակցության վարչության ընտրության ժամանակվա ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք», - ասաց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորների խոսքին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Նախ, ինչն է խանգարում, որ դուք, պարոն Մանուկյան, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, երկրորդ, ես չեմ հասկանում՝ ինչ գործ ունի «նապաստակ փարթիին» ձեր նման լուրջ քաղաքական գործիչը»: