Մեղադրանքը նախաքննությունից սկսած մինչեւ հիմա չեմ ընդունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքն իրավաչափ չէ։
«Բովանդակությունն այն է, որ Արուսյակ Ալեքսանյանը քննել է իմ կողմից ներկայացված գրավի միջնորդությունը եւ դրանով իսկ անցել է իր լիազորությունները։ Ըստ ներկայացված նյութերի՝ երեւում է, որ եղել է վերամակագրում, հետեւաբար այդ պայմաններում Արուսյակ Ալեքսանյանը այդ միջնորդությունը քննելով, անցել է իր լիազորությունները։ Քրեական գործի նյութերում առկա է վերամակագրման փաստը հաստատող ապացույցը։ Խնդիրն այն է, որ վերամակագրման այդ թերթիկն Արուսյակ Ալեքսանյանին չի հասել։ Նույնիսկ Աջափնյակի նստավայր չի էլ հասել»,- նշեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանը նշեց, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը վերամակագրման մասին տեղյակ չլինելով է այդ միջնորդությունը քննել. «Հետեւաբար ասել, որ Արուսյակ Ալեքսանյանն անցել է իր լիազորությունները, իսկ ես օժանդակել եմ համապատասխան միջնորդություն ներկայացնելով. այդ փաստարկն իրավաբանական չէ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք եւ ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ինչը բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը եւ այժմ դատավորին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում











