Ադրբեջանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական նոր գործողությունների։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը՝ ավելացնելով, որ եթե պատերազմ սկսվի, ինքն անպայման կմասնակցի դրան։

Տեր-Թադեւոսյանի խոսքով, պատերազմի սկսվելու համար անհրաժեշտ է երեք գործոնի առկայություն։ Առաջինը, հասարակության պատրասվածությունը նմանօրինակ սցենարին։ «Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ նոր պատերազմի։ Այդ երկրում բնակվող էթնիկ տարբեր խմբերը նոր պատերազմ պարզապես չեն ուզում, նրանք երբեք չեն պայքարի Ալիեւի կլանի հարստացման շարունակության համար»։

Նրա կարծիքով, ադրբեջանական բանակում, որը եւս հասարակության մի մասն է, նույն տրամադրություններն են տիրում։ Բացի այդ, հայկական կողմը որոշակի առավելություններ ունի. «Ադրբեջանն արագ տեմպերով է զինվում, սակայն պատերազմում առաջնահերթ դերը տեխնիկան չի կատարում։ Պատերազմում գլխավորը բարոյական ոգին է, հայկական կողմին առաջ է մղում հաղթողի ոգին, գիտակցումը, որ մենք պայքարում ենք մեր հողերի համար»։

Պատերազմական գործողությունների վերսկսման երրորդ անհրաժեշտ գործոն, Կոմանդոսի խոսքով, հանդիսանում է կառավարությունը, տակտիկական եւ ռազմավարական առաջադրանքներ մշակելու նրա ունակությունը։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ինքը գնահատում Հայաստանի կառավարությանը, Կոմանդոսը պատասխանեց. «Կառավարության մասին կամ պետք է ճիշտն ասել, կամ լուռ մնալ։ Ես, երեւի լուռ մնամ»։