Բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելը դիտարկում եմ որպես հերթական բարձրաստիճան զինվորականին չեզոքացնելու հերթական գործընթաց: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն երկար ժամանակ է՝ տանում են այդ գիծը եւ այսօր հերթը Խաչատուրովինն է. «Գնում է բանակի սպայակազմի գլխատման գործընթաց, որը դեռ վաղուց սկսվել էր եւ շարունակական բնույթ է կրելու: Սա վերջինը չի լինելու, իմ կանխատեսմամբ, առաջիկայում նորից էլի մարդիկ կձերբակալվեն, կհարուցվեն շինծու գործեր մարդկանց վրա: Սա որոշ պրոցեսների սկիզբ է: Այսպես կոչված՝ խաղաղության դարաշրջանի գործընթացների շրջանակում մարդիկ, որոնք կարող են այդ ամենին հակադարվել, նրանք ազատությունից զրկվում են եւ դաշտ է բացվում իրենց՝ ազատ գործելու»,- նշեց պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ սա նաեւ արշավ է բանակի դեմ. «Իշխանափոխությունից հետո բանակի հեղինակազրկումը սկսվեց: Բանակը ձեւավորվել է այսպիսի մարդկանց շնորհիվ՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, եւ այդ շարքը կարելի է երկար թվել: Այդ բանակը տարիներ շարունակ եղել է մարտունակ: Եվ այս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում բանակը հեղինակազրկելու համար»:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այժմ քննում է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը: Նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Բակում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:











