Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ավելի երկար ժամկետներ սահմանել պետական գաղտնիք պարունակող հատկապես կարեւոր եւ բոլորովին գաղտնի տեղեկատվության պահպանման համար:
Փետրվարի 27-ին Ազգային ժողովում՝ պետական եւ իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ընթացքում այս մասին ասաց ԱԱԾ փոխտնօրեն, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը:
Մասնավորապես, պետական գաղտնիք պարունակող հատուկ նշանակության տեղեկատվության համար ներկայիս 30 տարվա փոխարեն առաջարկվում է սահմանել 40 տարի: Իսկ բոլորովին գաղտնի տեղեկատվության համար ներկայիս 10 տարվա փոխարեն՝ 30 տարի։
«Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները առաջարկում են լուծել անցած տարիներին դաշտում առաջացած իրավական խնդիրները, ինչպես նաեւ վերացնել օրենսդրության բացերը, հստակեցնել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը շրջանառման կանոնները: Միեւնույն ժամանակ, կվերանայվեն պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման համար իրավական միջոցները», - բացատրեց Հարությունյանը:
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:





























