Հայաստանում դատախազների աշխատավարձերը անհրաժեշտ է գրեթե երկու անգամ բարձրացնել։ Փետրվարի 27-ին Ազգային ժողովում՝ Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ քաղծառայողների աշխատանքի վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արդարադատության փոխնախարար Լեւոն Բադալյանը։
Նրա խոսքով, նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում ավելի քան 90 տոկոսով։ «Դատախազների ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է։ Երիտասարդ իրավաբանները, 3-4 տարի աշխատելով դատախազությունում, որպես կանոն, տեղափոխվում են փաստաբանություն, որտեղ շատ ավելի քիչ աշխատանք կա, բայց ավելի շատ գումար»,- բացատրեց Բադալյանը՝ հիմնավորելով նման փոփոխությունների անհրաժեշտությունը։
Հայաստանում ներկայումս աշխատում է շուրջ 430 դատախազ։ Նրանց աշխատավարձերի բարձրացման համար կհատկացվի 2 մլրդ 443 մլն դրամ։ Այժմ կրտսեր եւ միջին օղակի դատախազների միջին աշխատավարձը կազմում է մոտ 400-460 հազար դրամ։ Այսինքն՝ առանց հարկերի՝ մոտավորապես 295-350 հազար դրամ։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:





























