Հայկական բանակի մարտունակությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը:

Փորձագետի խոսքով, զորահանդեսը ցուցադրում է բանակի մարտունակությունը, շարային պատրաստվածությունը, հատկապես դեֆիլիեն: Ներկայացված տեխնիկայից կարելի է մի քանի եզրակացություններ անել Հայաստանի պաշտպանական եւ հարձակողական ներուժի վերաբերյալ. «Կարծում եմ` միջազգային փորձագետները եւս գրանցել են որակական եւ քանակական բարձր մակարդակ»:

Ընդ որում, փորձագետը հատկապես ընդգծել է այն հանգամանքը, որ խորհրդային կամ ռուսական արտադրության տեխնիկան ռազմական արդյունաբերության համալիրի հայ մասնագետների կողմից արդիականացվել է: «Դա բացառիկ դեպք է միջազգային պրակտիկայում, որ այդքան փոքր երկիրը նման բան անի»,-նկատել է Հովհաննիսյանը` հավելելով, որ հայ զինվորների ձեռքբերումների մասին փաստում է սեպտեմբերի 12-ը (երբ խփվել է ադրբեջանական անօդաչու սարքը-խմբ.):