ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել ԱԺ-ում հայտնի միջադեպը:

«Ականատեսների՝ մեր պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Գեղամ Նազարյանի վկայությամբ, պետաիրավական հանձնաժողովի նիստում փակ քննարկում է եղել առանց լրագրողների, առանց օգնականների: Ինչ-որ մի պահի լարվածություն է առաջացել, խոսք ու զրույց, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացրել է, ինչ-որ բաներ է ասել, պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, ձայնը մի բարձրացրեք, մի պահ Վարդանյան Վլադիմիրը պաուզա է տվել իբրեւ կուլտուրական մարդ, բայց պաուզայից հետո երեւի հիշել է, որ ՔՊ-ական պատգամավոր է, ավելի է բորբոքվել՝ լավ եմ անում գոռում եմ, ում վրա ուզենամ՝ կգոռամ: Ձեռքը խփել է սեղանին, Մհերն էլ ձեռքը խփել է սեղանին, ասել է՝ չեք կարող գոռալ: Ըստ ականատեսների՝ ոտքի են կանգնել եւ Սահակյանի ներկայացմամբ, իրեն թվացել է, թե Վովան գալիս է իրեն հարվածելու, եւ ինքնապաշտըպանական բնազդով ինքն է հարվածել»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ իհարկե, տհաճ միջադեպ է եղել. «Ցավում եմ, պարոն Վարդանյանը վնասվածք է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց: Սենյակից դուրս գալու ժամանակ պարոն Վարդանյանն ասել է՝ այնպես արեք, որ աղմուկ չբարձրանա, լրագրողները չիմանան եւ գնացել է իր սենյակ: Մհերն էլ իջել է «Հայաստան» խմբակցության  սենյակ:

Բայց այդ պահին, ըստ այլ ականատեսների, հայտնվել է Անդրանիկ Քոչարյանը, հեռախոսով սկսել է չգիտեմ ում հանձնարարություններ տալ՝ ԱԺ-ի ելքումուտքերը փակեք, Սահակյանը դուրս չգա, ոստիկանություն կանչեք եւ այդպես շարունակ:

Երբ ես եկա ԱԺ, իմացա միջադեպի մասին, Արծվիկ Մինասյանի սենյակում խոսում էինք, Մհեր Սահակյանն էլ էր այնտեղ, որոշեցինք բարձրանալ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի սենյակ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակ է, ինչ կարող ենք անել: Փորձում էինք հարթել միջադեպն առանց ավելորդ բաների, բայց մեզ ասացին,ո ր ոստիկանությունն արդեն տեղեկացված է, ոստիկանությունը կգա Սահակյանի հետ նախնական գործողությունները կանի, հետո կտեսնենք, կմտածենք:

Վերադարձանք Արծվիկ Մինասյանի սենյակ, ոստիկաններն արդեն այտեղ էին, մեկը համազգեստով էր, մյուսները քաղաքացիականով: Խնդրեցին, որ կանչենք Սահակյանին, կանչեցինք: Ասացին, որ ձերբակալված է, պետք է տեղափոխենք քննչական: Պարոն Մինասյանին խնդրեցի, որ փաստաբան հրավիրի, փաստաբան ներկա լինի: Արդեն պատրաստվում էին տանել պարոն Սահակյանին, այդ ժամանակ խմբակցության սենյակ մտավ Ալեն Սիմոնյանը խիստ բորբոքված: Այդ բորբոք ված վիճակում ներս լցվեցին եւս 5-7 քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցներ եւ տհաճ, քաշքշելով Մհեր Սահակյանին դուրս բերեցին միջանցք: Ես միջանցք դուրս չեկա, խաղաղ, հանգիստ մարդ եմ: Տարել են Արաբկիրի բաժին, տեղեկացա, որ այնտեղից տանելու են Երեւանի քննչական, Ռուբեն Մելիքյանն էլ որպես փաստաբան կմիանա այդ գործողություններին»,ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ նախկինում էլ նման միջադեպեր եղել են, գուցե ավելի վատ կարգի, սակայն ոստիկանությունն այսպիսի օպերատիվություն հանդես չի բերել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, գոռգոռոցներ են լսվել: Դրանից հետո իրավապահները բերման են ենթարկել եւ ձերբակալել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ: