Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը մեծ արձագանք է առաջ բերել համաշխարհային լրատվամիջոցներում` ի տարբերություն Ադրբեջանում անցկացված զորահանդեսի: Այդ մասին սեպտեմբերի 26-ին կայացած ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, վիճակագրական տվյալների համաձայն, Ադրբեջանի զորահանդեսի մասին հիշատակել է 80 կայք, մինչդեռ Հայաստանի մասին` 830 կայք, անգլերենով, ռուսերենով եւ թուրքերենով:
Ասուլիսի մեկ այլ բանախոս Սամվել Խուդոյանն, իր հերթին, անդրադարձել է զորահադեսի հոգեբանական ազդեցությանը: «Հայաստանի զորահանդեսը բավականին դրական ազդեցություն է թողել միջազգային հանրության վրա: Ինչ վերաբերում է թշնամիներին, ապա Հայաստանի նախագահի ելութը առաջացրել է ադրբեջանցիների դժգոհությունը երկրի ռազմական հզորության հանդեպ: Ադրբեջանական հասարակության ներսում անորոշության մթնոլորտ է ստեղծվել, ինչը կարող է հանգեցնել ագրեսիայի»,-նշել է հոգեբանը:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, մինչեւ տարվա վերջ զորահանդեսին չեզոք գնահատականներ կտան միջազգային անկախ փորձագետները, ինչն իրարանցում կարող է առաջացնել Ադրբեջանում: «Իրարանցման պատճառ կարող է դառնալ այն հանգամանքը, որ ադրբեջանական ռազմկան տեխնիկան, չնայած Բաքվի հայտարարություններին, առաջին թարմության չէ»:




























