Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ, որտեղ հավաքված են զոհված զինծառայողների ծնողներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, իրավիճակը լարվել է։ Արշակունյաց պողոտայում բախում գրանցվեց փողոցը փակած ծնողների և ոստիկանների միջև, հնչեցին հայհոյանքներ։

Ոստիկանները քաղաքացիներից մեկին բերման ենթարկեցին, մյուսները փորձում էին խոչընդոտել ոստիկանական մեքենայի տեղաշարժը։

Վիճաբանություն տեղի ունեցավ նաեւ ոստիկանների ու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի միջև:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանության մեջ կան մարդիկ որոնք նպատակային սրում են իրավիճակը. «Պետք է նրանց ակաջներից վերցնել ու դուրս շպրտել։ Կան մարդիկ, որոնք իրավիճակը լաում են, հրմշտում են քաղաքացիներին»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Շենգավիթի դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները փակել էին Արշակունյաց պողոտան։ Նրանք հայտարարել էին, որ առնվազն 1 ժամ փակ են պահելու պողոտան։ Ծնողները պահանջում են դատարանից ազատ արձակել զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին:

Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։