Քաղաքական իշխանությունն ինչպիսի վերաբերմունք ունի իրավական սահմանափակումների նկատմամբ, այդ նույն վերաբերմունքը խտացված կերպով արտացոլվում է պետական մարմինների ստորին օղակների մեջ:  Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոնի ժամանակ նշեց Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը:

«Եթե որեւէ քաղաքական իշխանություն իր տեսակով ու բնույթով ավտորիտար է կամ հակաիրավական է եւ  որեւէ կերպ չի կարողանում հանդուրժել իրավական սահմանափակումները, այդ տեսակ քաղաքական համակարգում ոստիկանը, քննիչը, դատախազը, ցավոք նաեւ դատավորը նույնպես դառնում են անհանդուրժող իրենց իսկ սահմանած սահմանափակումների նկատմամբ:

1990-ականներին է եղել, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություններ են կիրառվել, բայց երեք անգամ Սահմանադրությունը քվեարկության դրած, ԵԽ անդամ պետությունում փաստաբանների նկատմամբ բռնությունները պետք է դիտարկել ընդհանուր քաղաքական ռեժիմի  բնույթի տեսանկյունից: Վերեւները չեն հանդուրժում իրավական սահմանափակումները, եւ դա տարածվում է ոստիկանության համակարգում»,-ասաց նա:

Երկրորդ կարեւոր հանգամանքը, ըստ Ղամբարյանի, այն է, որ այսօրվա ոստիկանները, պետական ծառայողները, որոնք ներգրավված են քրեական  դատավարության շրջանակներում, մոռանում են, որ այն կանոնները, որ իրենք ձեւավորում են, վաղ, թե ուշ կիրառվելու են իրենց նկատմամբ կամ առնվազն իրենց մասնակցությամբ. «Այն անձինք, որ այսօր փաստաբան են ծեծում, պետք է հստակ գիտակցեն, որ այդ կանոնները վաղը կիրառվելու է իրենց, իրենց ընտանիքների մասնակցությամբ վարույթներով: Քաղաքական իշխանությունը չի համակերպվում սահմանված սահմանափակումների հետ, նրանց դժվար է այդպես աշխատելը:

Մասնավորապես, նախկինում քննիչը կարող էր երեք տարի գործը քննել, մի օր որոշում կայացնել անձին անմիջական կասկածանքի հիման վրա ձերբակալելու մասին: Նոր օրենքի կարգավորումներով ինքն այդ հնարավորությունը չունի: Սա դիսկոմֆորտ է պատճառում քննիչներին»,-ասաց Արթուր Ղամբարյանը”

Նա հիշեցրեց, որ բազմաթիվ դատախազներ ու դատավորներ այսօր համալրել են փաստաբանների շարքերը, ապա առաջարկեց այդ մարդկանց հարցնել՝ դուք ժամանակին ի՞նչ վարքագծի կանոններ եք ձեւավորել փաստաբանների նկատմամբ, որ այսօր դժգոհում եք փաստաբանների նկատմամբ վերաբերմունքից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում