ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հռոմում, պարենային համակարգերի գագաթաժողովի ժամանակ, համաշխարհային հանրությանը կոչ է արել միավորվել հանուն ցորենի գործարքի խնդրի լուծման։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ նա շարունակում է պաշտպանել ՌԴ-ից եւ Ուկրաինայից համաշխարհային շուկաներ պարենի եւ պարարտանյութերի հասանելիության հեշտացման եւ պարենային անվտանգության ապահովման գործընթացը։

«Ես կոչ եմ անում գլոբալ հանրությանը միավորվել հանուն այդ խնդրի լուծումը գտնելու եւ հասնելու այն բանին, որ այդ ձայները լսվեն»,- ասել է Գուտերիշը։

Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի արտահանած բեռների 70 տոկոսը ցորենի գործարքի շրջանակում հասել է հարուստ երկրներին։ Պետության ղեկավարի խոսքով՝ մոտ մեկ տարվա ընթացքում ցորենի գործարքի շրջանակում Ուկրաինան արտահանել է 32,8 մլն տոննա բեռ։ Դրանց 70 տոկոսը, նշել է Պուտինը, ստացել են եկամուտների բարձր եւ միջինից բարձր մակարդակ ունեցող պետությունները, այդ թվում Եվրամիությունում։