ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ եւ այդ նպատակը արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ. այդ որոշման մեջ ասվում է, որ ՌԴ Դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս խաղաղապահ զորախումբ գործուղել ԼՂ, այնտեղ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ձեւակերպումը վերցված է ՌԴ նախագահի այդ առիթով Դաշնային ժողովին հղված դիմումից: Այսինքն ՌԴ նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ պետք է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ բնակչության զանգվածային սպանդը կանխելու ուղղությամբ: Հիմա եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլեւս չկա: Եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացնել: Իսկ եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում գտնվել է արդյունավետ եւ կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլեւս չկա»,-ասաց նա:




























