ԿԽՄԿ-ն չի կարող մանրամասներ հայտնել՝ կապված բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատուրյանի առեւանգման դեպքի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին իր լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվող 68-ամյա քաղաքացու Ադրբեջանի սահմանապահների կողմից անհայտ վայր տեղափոխելու ուղղությամբ:
Նա նշել է, որ շնորհիվ իրենց նախապես համաձայնեցված ընթացակարգերին, մինչեւ օրս կարողացել են ապահով կերպով տեղափոխել մարդկանց՝ բուժառուների կամ քաղաքացիների, որոնք ժամանակին ցանկություն էին հայտնել միավորվել իրենց ընտանիքների հետ: «Ինչ վերաբերվում է կոնկրետ այս իրավիճակին, պետք է նշեմ, որ մենք բոլոր խնդիրները հասցեագրում ենք համապատասխան իշխանություններին, սակայն անելու ենք դա երկխոսության միջոցով եւ դա կոնֆիդենցիալ բնույթ է կրելու, այս պահի դրությամբ այլ մանրամասներ միջադեպի կապակցությամբ հաղորդել չեմ կարող»,-նշել է Ամատունին։




























