Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված  Ռաշիդ Բեգլարյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ  իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց  լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր  են  ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց ապահովելու համար:

Զառա Ամատունին նշել է, որ Ադրբեջանի  կողմից մեկ այլ ձերբակալվածին՝  Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:

«Մեր  պատվիրակները, որոնց թվում էր նաև մեր բժիշկը, Բաքվում տեսակցել են Վագիֆ Խաչատրյանին՝ ըստ մեր ընթացակարգերի, որպեսզի տեղեկանան որպիսության մասին, ստուգեն առողջական վիճակը  և ծանոթանան պահման պայմաններին»,-ասել է Ամատունին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է:

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: