Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ, գրողներ եւ մարդու իրավունքների պաշտպաններ դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով միջամտել Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի հարցում՝ կապված Ադրբեջանի շրջափակման հետ։ Այս մասին տեղեկացրել է Gercek News-ը։

«Թուրք ինտելեկտուալների մի խումբ դիմում է համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ միջամտել պոտենցիալ աղետի կանխմանը եւ մարդկանց տառապանքների թեթեւացմանը։

Անխիղճ շրջափակումը, որը հավանության է արժանանում Բաքվի կառավարության կողմից եւ վայելում է Անկարայի աջակցությունը, ոչ միայն մեկուսացրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլեւ վերահաս ցեղասպանության երկյուղներ է առաջացրել։ Այս լուրջ իրավիճակը թուրք ազդեցիկ գործիչներին դրդել է բարձրացնել իրենց ձայնը՝ հանդես գալով միջազգային գործողությունների օգտին, որպեսզի դադարեցվի շրջափակումը եւ փրկարար օղակ առաջարկվի պաշարված բնակիչներին»,- գրել է ԶԼՄ-ն։

Կոչի էությունն այն համոզմունքն է, որ անթույլատրելի է սպասել, մինչեւ որ հումանիտար աղետ տեղի ունենա։

«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության իրերը չեն կարող հասնել Ղարաբաղ, եւ բնակիչները հայտնվել են ծուղակում՝ չունենալով շտապ բուժօգնության հասանելիություն։ Ճգնաժամի խորացմանը զուգընթաց եւ ի հաստատումն միջազգային հանրության անհանգստության՝ Բաքվի դիկտատոր Իլհամ Ալիեւը շարունակում է բացահայտ եւ անընդհատ սպառնալ Ղարաբաղի ժողովրդին այն աստիճանի, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարեւոր հոդված է հրապարակել, որն Ալիեւի գործողությունները Ղարաբաղում որակում է որպես ցեղասպանություն»,- նշվել է խմբի հայտարարությունում, որի մեջ կոչ է պարունակվում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Միավորված Ազգերի Կազմակերպությանը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաեւ Միջազգային ընկերակցությանը՝ միջազգային հանրությունը պետք է ակտիվ դիրքորոշում որդեգրի։