Անկարան Մոսկվայի հետ քննարկում է ռուսական պարենի մատակարարումը Աֆրիկայի կարիքավոր երկրներ, կան նախաձեռնության հանդեպ շահագրգիռ մի շարք երկրներ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով բանակցություններին մասնակցող աղբյուրին։
Թուրքիան ջանքեր է գործադրում՝ իրականացնելու համար Թուրքիայում ՌԴ հացահատկի վերամշակման ու այն ամենաաղքատ երկրներ մատակարարելու գաղափարը, ավելի վաղ հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նաեւ հայտարարել էր, որ պայմանավորվել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ անվճար ռուսական ցորեննն ու պարարտանյութերն Աֆրիկայի սովյալ երկրներ մատակարարելու հնարավորության մասին։
ՌԴ նախագահն անցած աշնանը նշել էր, որ Մոսկվան պատրաստ է անհատույց ամենաաղքատ երկրներ մատակարարել ցորենի ամբողջ ծավալը, որը նախատեսված էր նրանց համար հացահատիկի գործարքի շրջանակում։
«Մեր կողմից վարվում են քննարկումներ ռուսական պարենի ձեռքբերման եւ Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ առաքելու ուղղությամբ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն ինչ։ Քննարկումներում մի շարք երկրներ այդ նախաձեռնության հանդեպ շահագրգռություն են ցուցաբերել, օգնելու պատրաստակամություն հայտնել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ից, ՌԴ-ն Թուրքիային, Ուկրաինային եւ ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ առարկում է դրա երկարացմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ գործարքի պայմանները Ռուսաստանի մասով չեն կատարվում, չնայած ՄԱԿ ջանքերին, որովհետեւ արեւմտյան երկրները չէին պատրաստվում կատարել խոստումները։ Պուտինը քանիցս նշել է, որ Արեւմուտքն ուկրաինական ցորենի մեծ մասը դուրս է բերել՝ իր պետություններ տանելով, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ ցորենի մատակարարումը կարիքավոր երկրներ, ներառյալ աֆրիկյան երկրները, այդպես էլ չի իրականացվել։




























