Ի պատասխան Լոնդոնի թշնամական հակառուսական քաղաքականության, որի շրջանակում ակտիվորեն կիրառվում է միակողմանի պատժամիջոցների մեխանիզմը մեր երկրի քաղաքացիների նկատմամբ, որոշում է ընդունվել ընդլայնել «ռուսական ստոպ-լիստը»՝ ի հաշիվ դրանում քաղաքական գործիչների, ուժային կառույցների, իրավաբանների եւ լրագրողների ներառման (54 մարդ)։ Այս մասին նշվել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։
«Թարմացված ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի միջազգային սպորտային մեկուսացման ակտիվ ջատագով, Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ եւ սպորտի նախարար Լ.Ֆրեյզերը եւ Ուկրաինա սպառազինությունների մատակարարման պատասխանատու, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ա.Գոլդին։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ներառվել է նաեւ Ռուսաստանի ղեկավարության ձերբակալման օրդեր տալուն մասնակցած՝ Միջազգային քրեական դատարանի դատախազ, բրիտանացի Կ.Խանը»,- նշվել է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ տեղեկության համաձայն՝ նաեւ ընդունվել է որոշում անհատական պատժամիջոցներ մտցնելու մասին «Prevail Partners» բրիտանական մասնավոր ռազմահետախուզական ընկերության ղեկավարության դեմ (Ջ.Հեջես, Հ.Հանթինգֆորդ, Դ.Լիդլ), որի «մասնագետները մասնակցում են ուկրաինական հատուկ ծառայությունների համար հետախուզական տեղեկություններ հավաքելուն եւ տրամադրելուն, այդ թվում օտարերկրյա ու ռուս քաղաքացիների, ինչպես նաեւ ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զինծառայողների անհատական տվյալները»։




























