Կիրակի ժամը 15:00-16:00-ը Մոսկվայում գերինտենսիվ տեղումներ են եղել, հայտնում է քաղաքային տնտեսության համալիրի տելեգրամյան ալիքը։

«Որոշ շրջաններում ամսական տեղումների 40%-ից ավելին է թափվել մեկ ժամից էլ քիչ ժամանակում: Քամու պոռթկումները հասել են 16 մ/վ արագության, առանձին շրջաններում գրանցվել է կարկուտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանից պարզաբանել են, որ տեղումների ամենամեծ քանակությունը գրանցվել է Հյուսիսարևելյան (33 մմ), Հյուսիսային (30 մմ) և Հյուսիսարևմտյան (30 մմ) վարչական շրջաններում, հաղորդում  է «Ինտերֆաքսը»։

««Մոսվոդոստոկի» բրիգադները օպերատիվ աշխատանքներ են իրականացնում անձրևաջրերի անխոչընդոտ անցման համար ջրընդունիչ վանդակաճաղերի բացման ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում օգտագործվում է պոմպային սարքավորում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են զերծ մնալ վատ եղանակին դրսում գտնվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում լինել ծայրահեղ զգույշ։

Մոսկվացիները սոցցանցերում, տելեգրամյան ալիքներում հրապարակում են Մոսկվայի տարբեր հատվածներում հեղեղված փողոցների տեսանյութերը։ Հաղորդվել է ջրի հոսքի մասին, որը ներթափանցել է Տիմիրյազևսկայա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի տարածք։

Մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը ժամը 16:15-ին հայտնել է, որ ավտոճանապարհի հեղեղման պատճառով Դմիտրովյան մայրուղու երկայնքով՝ Ռուսթավելի փողոցի խաչմերուկի մոտ, երկու ուղղություններով արգելափակվել է երթևեկությունը։ Սահմանափակումներն ամբողջությամբ հանվել են ժամը 16:35-ի սահմաններում:

Տրանսպորտի վարչությունը նաև զգուշացրել է, որ Մոսկվայի եղանակային պայմանների պատճառով հնարավոր են   վերգետնյա տրանսպորտի տեղային հետաձգումներ։

Քաղաքին հասցված վնասների և վատ եղանակի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն եղել։

Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի թարմացված տեղեկատվության համաձայն, Մոսկվայում հորդառատ անձրևների պատճառով մինչև կեսգիշեր գործում է եղանակային վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակը։