Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձեւավորված քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ կարեւորելով նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը:
Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք շեշտել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել առեւտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հնարավորություններին եւ հեռանկարներին:





























