«Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը կավելանա ավելի քան 21 մլն դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության չզեկուցվող հարցերից:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել «Նեւրոզների կլինիկան» եւ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը միացնելու գործընթացը։

Սեփականության իրավունքով կլինիկային պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի անշարժ գույքը` 2299.8 քմ մակերեսով շենք-շինությունները, ավելի քան 17 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ամրացվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Նախորդ տարվա ընթացքում կլինիկայի գործառնական վնասը գնահատվել է 22 մլն դրամ։ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է 14 մլն դրամով, ինչը խոչընդոտում է միավորման գործընթացն ավարտին հասցնելու եւ մասնագիտացված ծառայությունների մատուցումը «Ավան» հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար։