Կներդնենք բոլոր վարչական շրջանների եւ կանաչ տարածքների էլեկտրոնային քարտեզները։ Այս համակարգը քաղաքը կբաժանի գոտիների, եւ յուրաքանչյուր շրջան կունենա իր շինարարական նորմերը։ Այս մասին օգոստոսի 24-ին կայացած քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի ավագանու անդամի թեկնածու Արթուր Մայիլյանը։

Նա վստահեցրեց, որ հինգ տարվա ընթացքում չի մնա ոչ մի բակ, որը չի վերակառուցվի։

Մայիլյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից բոլոր շինհրապարակներում կտեղադրվեն օդում փոշու կոնցենտրացիայի չափման սարքավորումներ, իսկ այն կառուցապատողները, որոնց գործունեության արդյունքում փոշու կոնցենտրացիան նորմայից բարձր կլինի, կտուգանվեն:

Նա վստահեցրեց, որ կանաչ գոտիների տարածքները կընդլայնվեն։

Նրա խոսքով՝ Երեւանի Ֆիրդուսի թաղամասում կան տարածքներ, որոնք պատկանում են համայնքին, ուստի մարդիկ դրա դիմաց փոխհատուցում չեն կարող ստանալ: Ընդ որում, իշխող կուսակցության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ թաղամասի բնակիչները դժգոհ չեն մնա:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն իր հերթին տեղեկացրեց քաղաքի մաստեր պլանը ներդնելու ծրագրերի մասին, որն ունեն աշխարհի բոլոր զարգացած քաղաքները:

Քաղաքի համաչափ զարգացման գրավականը Խաժակյանը համարեց բոլոր վարչական շրջաններում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, որի համար մարդիկ ուղեւորվում են կենտրոն:

«Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանն իր հերթին կարծում է, որ քաղաքի բոլոր շրջանների համաչափ զարգացման համար պետք է ստեղծել գրավիչ միջավայր, որպեսզի բիզնեսն ինքը ցանկանա այնտեղ գործունեություն ծավալել, ինչը կհանգեցնի համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը: