Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատեց ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։ Այսպիսով, ինքնաբացարկի դիմում ներկայացրած եւ լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելքոնյանին։
Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։
«Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի եւ Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետեւաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։
Իսկ ինքնաբացարկի մյուս դիմում ներկայացրած ավագանու անդամի թեկնածու Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում։




























