Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է միայն պետական շահերին եւ ուրիշ ոչ մի բանի, այն ոչ մի կապ չունի Ռուսաստանի իրադարձությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 14-ին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը ներկայացվել է շատ ավելի առաջ, քան քրեական դատարանի հայտնի որոշումը (Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տալու մասին- խմբ.)։
Նա հավաստիացրել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա նոր քրեաիրավական լծակների ավելացմանը։ «Դա թույլ կտա միջազգային դատական համակարգին պարզել եւ հետաքննել այդ նույն ռազմական հանցագործությունները Հայաստանի դեմ»,- նշել է Մինասյանը։
Նախարարը դա շատ լավ պաշտպանական գործիք է անվանել, որից անպայման պետք է օգտվել։











