Իմ հրաժարականի մասին տեղեկությունները կեղծ են։ Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Մինասյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է իր աշխատանքից:

Նա վստահեցրեց, որ Գեւորգ Սիմոնյանն ազատվել է պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Պաշտոնյան հավելեց, որ քրեակատարողական ծառայության նախկին պետ Սերգեյ Ատոմյանը եւս սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի պարտադրում։ Սա սովորական աշխատանքային գործընթաց է, եւ եթե մարդիկ չեն հարմարվում նոր չափանիշներին, ապա որոշում են փոխել աշխատանքը»,-հավելեց Մինասյանը։