ՔՊ-ի երթը, որը սկիզբ էր առել Էրեբունի թանգարանի մոտից, երկու ժամ անց միայն հասավ Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ մեկնարկել է հանրհավաքը:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփում է երթ-հանրահավաքով, որին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երթին մասնակցում էր նրա տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր՝ Մարիամի հետ, որոշ ժամանակ անց երթին միացավ նաեւ Աշոտ Փաշինյանը: Երթին մասնակցում է ՔՊ ամբողջ վարչությունը, նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը նույնպես կնոջ եւ դստեր հետ է։
Ավելի ուշագրավ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությունը քարոզարշավին։ Նա երթին եկել է կնոջ եւ նորածին դստեր հետ, որին նախարարն անձամբ է տեղաշարժում մանկասայլակով։ Երկրի սահմաններին հակառակորդի զինված ուժերի կուտակումների, պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում Պապիկյանի մասնակցությունը ավագանու ընտրության քարոզարշավին, մեղմ ասած, տարակուսելի է։
Նույն պատճառներով անհասկանալի է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը երթին։
Նշենք, որ երթն ուղեկցում էին մի քանի շարքով շղթա կազմած մեծաթիվ ոստիկաններ, իսկ Փաշինյանը քայլում է անվտանգության մեծ թվով աշխատակիցների կուռ օղակի մեջ։ Անվտանգության աշխատակիցները վարչապետից մեծ հեռավորության վրա են պահում լրագրողներին եւ օպերատորներին։ Նրանց այդ հարցում օգնում են երթի առջեւից շարժվող ավտոմեքենաները։
Նշենք, որ հանրահավաքին ընդառաջ, մի քանի օր է՝ ահազանգեր են հնչում, որ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցների, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներին են հորդորում, որ կոլեկտիվներով մասնակցեն այսօր կայանալիք երթ-հանրահավաքին։
Նշենք, որ Երեւանի ավագանու ՔՊ-ի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, որ ներկայումս զբաղեցնում է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը:











