«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը քվեարկել է հանուն բոլոր երեխաների ապագայի և Հայաստանում քաղաքական մենաշնորհի իսպառ վերացման։ Այս մասին նա ասել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում։

«Ես եկել եմ երեխաներիս հետ և քվեարկել բոլոր երեխաների ապագայի համար, որպեսզի նրանք ունենան իսկապես երջանիկ քաղաք և լավ պետություն։ Թող այսօր մեր երկրում իսպառ վերանա քաղաքական մենաշնորհը, որպեսզի բոլորը, թեկուզ պարտադրանքով, համախմբված կառուցեն մեր պետությունը»,- ասել է նա։

Խոսելով ընտրությունների ժամանակ խախտումների մասին՝ Թարվերդյանը նշել է, որ ավելի քան վստահ է, որ խախտումներ կլինեն։ Ըստ նրա, մամուլում արդեն տեղեկություններ կան որոշ խախտումների մասին, սակայն հույս ունի, որ դրանք չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա։

Թարվերդյանը նշել է նաև, որ բոլորն են ականատես, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչպես են օգտագործվում վարչական ռեսուրսները։ Մյուս կողմից, նա համոզված է, որ նույնիսկ վարչական հսկայական ռեսուրսի կիրառման դեպքում այսօր ոչ ոք չի կարող 50 տոկոսից ավելի ձայն հավաքել։

Հիշեցնենք, որ այսօր տեղի են ունենում Երևանի ավագանու  համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները։ Ընտրությունների համար ստեղծվել է 475 ընտրատեղամաս։