Իշխանությունները հասկանում են, որ իրենց ժողովուրդն է իշխանազրկելու ընտրության միջոցով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրություններին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Շատ կարեւոր եմ համարում, որ սիրելի երեւանցիներ, անպայման մասնակցեք, չմասնակելն իշխանության օգտին է, քվեաթերթիկը անվավեր անելն իշխանության օգտին է. այդ երկու քայլով դուք նպաստելու եք այլ զարգացումների»,- նշեց Թանդիլյանը:

Նա հայտարարեց, որ տարբեր ընտրախախտումների մասին լուրեր են, բայց իրենք դեռեւս հավաքագրում են. «Այս պահին լուրջ արձանագրում չկա, բայց ամբողջ օրն առջեւում է»:

Անդրադառնալով օտարերկրացիների՝ ընտրություններին մասնակցելու մասին լուրերին, Թանդիլյանն ասաց. «Շատ կարեւոր է, որ երեւանցիները մասնակցեն ընտրություններին, որպեսզի իրենց փոխարեն օտարերկրացիները չորոշեն Երեւանի ճակատագիրը»:

Անդրադառնալով ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե վարչական ռեսուրսների կիրառման մասին կարձանագրվի ընտրությունների արդյունքներով, Թանդիլյանն ասաց. «Թող չհուշի Ավինյանը՝ մենք ինչ անենք: Մենք գիտենք՝ ինչպես վարվել այդ տեղեկատվության հետ, ես ձեզ պատմեցի, թե ինչպես ենք դիտարկելու դրա նաեւ ազդեցության չափը, եթե որեւէ բան լինի»:

Հարցին՝ հանուն ինչի՞ է Թանդիլյանը քվեարկել, նա պատասխանեց. «Ես քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, հետեւաբար հանուն իշխանափոխության»:

Մանե Թանդիլյանն ասաց, որ իր՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելու շանսերը բավականին բարձր են. «Միակ մտավախությունս մասնակցությունն է: Երեւանցիները պիտի հաղթեն, ուրեմն պիտի մասնակցեն»:

Անդրադառնալով իշխանականների կողմից պարբերաբար մանկապարտեզների նորոգման մասին խոսելուն եւ այսօր արդեն նրանք անդրադարձել են նաեւ երկրի անվտանգությանը՝ Թանդիլյանն արձագանքեց.

«Մանկապարտեզները չեն կարող հաղթել Արցախի հարցին եւ չեն կարող աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական իրենց ձախողումները տեսանելի չլինեն մանկապարտեզնրեի ֆոնին: Այո, ես էլ եմ խոսում ինքինիշխանության մասին եւ հենց դրա համար պետք է չընտրել այսօրվա իշխանություններին, որովհետեւ նրանք վտանգել են մեր ինքնիշխանությունը. ադրբեջանական զորքն այս ընտրությունների ընթացքում գտնվում է ՀՀ տարածքում: Իշխանությունները փորձեցին փոխել դիսկուրսը հասկանալով, որ կորցնում են բավականին ընտրազանգված: Այո, մարդիկ գնում են ընտրությունների, բայց այլ մտավախություն ունեն: Հետեւաբար նրանք փորձեին ինչ-որ բաներ սարքել ինչ-որ ուժերի վրա, մասնավորապես մեզ վրա: Նրանք պատրաստ են այդ կեղծ լուրերով փորձել մանիպուլյացիաներ անել, վտանգել մեր երկրի անվտանգությունը՝ պահելով իրենց իշխանությունը»: