Քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը քվեարկել է իրատեսական ծրագրերի իրականացման, Երևանի հավասարաչափ զարգացման և, որ ամենակարևորն է, խաղաղ Երևանի օգտին։ Այս մասին նա ասել է 9/18 ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում, որտեղ եկել էր իր փոքր որդու հետ։

Ըստ Ղուկասյանի, Երևանում պետք է տեղի ունենա քաղաքական սերնդափոխություն, և իշխանության գան քաղաքական  նոր մտածողությամբ մարդիկ, երիտասարդներ, ովքեր «ջանք չեն խնայի հանրային շահերին և հասարակությանը սպասարկելու համար»։

Ղուկասյանը նշել է նաև, որ ընտրությունների ընթացքում դեռևս լուրջ խախտումներ չեն գրանցվել։ Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցությանը, ապա ինքը և իր գործընկերները  բարձր մասնակցություն չէին էլ սպասում։

«Հաշվի առնելով նախընտրական քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ շփումը, նրանց տրամադրվածությունը և այն, ինչ նրանց անհանգստացնում է, կարծում եմ, որ մասնակցությունն այնքան էլ բարձր չի լինի, ամենայն հավանականությամբ՝ միջին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններն են անցկացվում համամասնական ընտրակարգով։ Ընտրությունների համար ստեղծվել է 475 ընտրատեղամաս։